«Շառլ Ազնավուրի անվան եղևնիների պուրակը» առանձնանում է առողջապահական տեսակով` շնորհիվ եղևնիների տարբեր տեսակների առկայության ու վերջիններիս սեզոնային փոշոտման: Այգում առկա են խաղահրապարակներն ու խաղադաշտը, զվարճանքի ու հանգստի գոտիներ բոլոր տարիքային խմբերի համար: Այգում տնկված են հարյուրավոր սոճիներ, Հայրենական Մեծ պատերազմից հետո` ի հիշատակ զոհված, հերոսացած ու անհետ կորած համաքաղաքացիների, իսկ այգու բարձունքում առկա է նրանց նվիրված հուշարձան: Եղևնիների փոշոտման սեզոնին այգի են այցելում հարյուրավոր մարդիկ, ովքեր ունեն շնչառական, սիրտ-անոթային և այլ հիվանդություններ, այգում առկա է քայլուղիներ, հեծանվային ուղիներ, իսկ ձմռան ամիսներին այգին վերածվում է ձմեռային կուրորտի: Առողջ ապրելակերպով զբաղվելու, խթանելու համար առկա են բոլոր պայմանները, որով համայնքը դառնում է գրավիչ ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի ու զբոսաշրջիկների համար:
Հրազդանի Աղբյուրակ թաղամասի լճափնյա այգու հիմնական մասը ստեղծվել է բազմագույն ու բազմաձև խճաքարերից, արևի ժամացույցով: Զբոսայգու գլխավոր մասի համար ընտրված է անտիկ շրջանի աստեղային քարտեզը, որը ֆոն է դարձել արևի ժամացույցի համար: Կեսօրին` ժամը 12:00-ը կանգ է առնում ուղիղ ծառուղի տանող խճուղու կենտրոնում: Կենդանակերպի սև նշանները ցույց են տալիս գիշերը, իսկ սպիտակները` ցերեկը: Մյուս ծառուղու մուտքի մոտ դրված են երկու առյուծներ, սա նույնպես անտիկ շրջանի ճարտարապետական ձևերը նորի հետ համադրելու լավագույն եղանակն է: Յուրաքանչյուր երկու ամսվա միջև ընկած է աստեղային քարտեզի մի համաստեղություն և խճանկարով զարդանախշ արտացոլված կենդանակերպի նշանները: Զբոսայգու մի մասը ժամանակին հատկացված է եղել սպորտային կառույցներին, երիտասարդներին: Գործում էր նաև ամֆիթատրոնը` շատրվանով, մանկական զվարճանքի գոտին` ավտոդրոմով, ատրակցիոններով, կարուսելներով: Դեպի լճափ ձգվող ծառուղիների վրա կառուցված էր գեղեցիկ կամուրջ` սանդուղքով:
Հրազդան քաղաքի Աղբյուրակ ջրամբարի ափին կանգնած արձանն անվնակաոչվել է որպես` կեցցե կապույտ ու ջինջ երկինքը, այն նվիրված է 1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի 40-ամյակին: Արձանի հեղինակը Խաչատուր Հակոբյանն է/1951-2015թթ/, ում ստեղծագործական կյանքի որոշ փաստաթղթերում արձանն անվանվում է Փարվանա մոնումենտ: Սկզբում այն տեղադրված է եղել Քաղսի գյուղից դեպի Հրազդան մտնող մուտքի մոտ` աջ կողմի դաշտում, հետո տեղափոխվեց դեռևս 1959 թ. շահագործման հանձնված Աթարբեկյան ԳԷՍ-ի` ՀԷկի արհեստական ջրամբար-լճակում: Ցավոք, Հրազդանի ամենահայտնի խորհրդանիշերից մեկը ընդգրկված չէ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Մաքրավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մաքրավան թաղամասում։
Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։
Այժմ վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից։
Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին։ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով։ Մյուս եկեղեցին՝ Սբ. Կաթողիկեն /պետ. ցուցիչ 6.1.59.2/, կառուցվել է XIII դարի առաջին տասնամյակում։ Այն նույնպես կենտրոնագմբեթ է և հատկապես աչքի է ընկնում զարդանախշ որմնաքանդակներով և արձանագրություններով ։
Ըստ ավանդության՝ բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մաքրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել։ Սակայն ժողովուրդի ապստամբության արդյունքում՝ շահը, ընկրկելով, հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից։ Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբած մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև «Շահ ղուտուրա»՝ շահ կոտորող, շահին հաղթող անվանումը։
Մաքրավանքի խաչքարերից մեկը ճամփորդել է Ֆրանսիա` 2006 թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած «Հայաստան, իմ բարեկամ» Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում և մասնակցել «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող խաչքարերի ցուցահանդեսին Լուվրում։
Ջրառատ թաղամասը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` Մարմարիկ և Հրազդան գետերի միախառնման տեղում, այն միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներում հիշատակվում է հետևյալ անվանումներով` Հոռոմտամալ, Ռնդամալ, Դռնամալ, Մելքի գեղ, Կարմիր գյուղ: Ջրառատի տարածքում է գտնվել նաև միջնադարյան հռչակավոր Կեչրոր քաղաք-ավանը:
Անմիջապես Ջրառատի կենտրոնում է գտնվում Սուրբ Կարապետ գործող եկեղեցին ( 13-րդ դար): Սուրբ Կարապետ եկեղեցին եռանավ բազիլիկ է, 6 փայտե սյուները, որոնք 1831 թվականին բերվել են Սարիղամիշից, իրենց վրա են կրում թաղակապ տանիքը: Վերակառուցվել է 17-րդ դարում՝ 1628 թվականին Աստվածատուր Երեցի կողմից, և եկեղեցուն կից միջնադարյան գերեզմանոցում կա նույն թվականին թվագրվող բացառիկ խաչքար, որի վրա պարսկերենով կրկնվում է թվագրությունը: Այս փաստը խոսում է Հայաստանի վերածնության մասին, պարսից Շահ Աբասի կողմից 1604-1606 թթ.-ի հայության բռնի տեղահանությունից հետո տեղում հայկականության վերականգնման և հոգևոր կյանքի վերելքի մասին: Եկեղեցին վերակառուցվել է 1831 թվականին՝ տարածաշրջանի ղեկավար Մելիք Շեկոյի կողմից, այնուհետև 2004-2008թթ.-ին` Աշոտ Վազգենի Գևորգյանի հովանավորությամբ, վերաօծվել 2008թ. դեկտեմբերի 6-ին:
Հայաստանի նկարիչների միության անդամ Հայկ Բարսեղյանի բազմաթիվ կտավներ ցուցադրվում են մասնավոր հավաքածուներում՝ Հրազդանում, Երևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Լիբանանի ազգային գեղարվեստի ցուցահանդեսում։ Ամենաբարձր գնահատականի նկարիչն արժանացել է 1995 թ. Մոսկվայի "Մանեժում" կայացած ցուցահանդեսում։
Բոլոր կտավները լրացնում ու շարունակում են իրար առանց կրկնելու և առանց ընդհատումների՝ ստեղծելով ամբողջական ու հրաշալի պատկեր։
"Վախենում եմ անտարբեր մարդկանցից։ Իմ նպատակը մարդկանց մտածել ստիպելն է",- ասում է Հայկ Բարսեղյանը։
Հովվի կամ Կապույտ խաչ եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասում:
Կապույտ Խաչ կամ Հովվի եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1993 թվականին վանատուրցի Ռուբեն Գալստյանի միջոցներով և նախաձեռնությամբ՝ ըստ Թորոս Թորամանյանի՝ Անիի Հովվի եկեղեցու վերակազմության նախագծերի։ Վերակառուցումն ավարտվել է 1996 թ.։ Եկեղեցին կապույտ ածականը ստացել է տարածքում գտնվող մի խաչքարից, որը, ըստ ավանդության, բուժել է մարդանց կապույտ հազ հիվանդությունից։ Զվարթնոցատիպ է։
Հրազդանի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1953թ-ին։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Կիմ Երիցյանը, Իշխան Ղարիբյանը և այլ տաղանդավոր դերասաններ։ Այս տարի թատրոնը նշում է իր 72-րդ թատերաշրջանը:
Facebook
Location on Google Maps
YouTube