Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Գալեչյանի կողմից կազմված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայինների և Շահումյան փողոցների խաչմերուկի մոտ` ավտոճանապարհի եզրային հատվածում, ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Չարենցավան քաղաքի 6 թաղամաս 15 շենքի 1 բնակարանի բնակիչ` Լևոն Արտուշի Առաքելյանը, ոչ սահմանված վայրում իրականացնում է փողոցային առևտուր` ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով այն է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով` առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցվել է Լևոն Արտուշի Առաքելյանը, ապահովվել է վերջինիս արտահայտվելու և լսված լինելու իրավունքը: Վարչական վարույթի ընթացքում Լևոն Առաքելյանը հայտնել է, որ այդ քայլին դիմել է հանապազօրյա հաց վաստակելու համար և զղջում է կատարած իրավախախտման համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, ինչպես նաև Լևոն Առաքելյանի սոցիալական ծանր վիճակի փաստը հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է վերջինս, սակայն թույլ տրված խախտումն ունի նվազ նշանակություն և իրավախախտումը կատարվել է ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն, այն է` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 12-ի N 1 արձանագրությունը.
1. Լևոն Արտուշի Առաքելյանին ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Արտուշի Առաքելյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը: