Նպատակ | Ներկայիս Հրազդանն իր պատմությունը սկսում է դեռևս վաղնջական ժամանակներից, իսկ 1930 թվականից պատմագիտությունը հիշատակում է, որ Ախտա /այժմյան Հրազդան քաղաքի հարավային թաղամասն է հանդիսանում/ գյուղը 1959 թվականից դասվել է հանրապետության քաղաքատիպ ավանների շարքին և վերանվանվել Հրազդան քաղաքատիպ ավան: ՀՍՍՌ Գերագույն Սովետի 1963 թ. հունվարի 12-ի “Հայկական ՍՍՀ-ում վարչատարածքային փոփոխությունների մասին” հրամանագրով լուծարվեցին աշխատավորների, դեպուտատների, Աթարբեկյանի և Ջրառատի գյուղական սովետները և Աթարբեկյան (այժմ` Վանատուր), Ջրառատ, Կաքավաձոր, Մաքրավան գյուղերը մտան Հրազդան քաղաքի կազմի մեջ: Ախտա - Հրազդանի բնակիչները 1926-1929 թթ. այստեղ են եկել պատմական Հայաստանի Խոյ, Ալաշկերտ, Մակու, Սալմաստ, Վան, Բայազետ, Ղարս, Մուշ և այլ բնակավայրերից, ավելի ուշ այստեղ բնակություն են հաստատել նաև Հայաստանի մյուս շրջաններից, միութենական այլ հանրապետություններից եկած քաղաքացիներ և սփյուռքահայեր: Հրազդանը, դառնալով շրջանային ենթակայության քաղաք, ձեռք բերելով քաղաքի կարգավիճակ, աստիճանաբար կերպարանափոխվում էր: Այդ տարիներին բնակչությունը կազմում էր մոտ 61000 մարդ. բնակչության աճը կապված էր քաղաքում արդյունաբերական բուռն զարգացման հետ:Ներկայումս քաղաքը հանդիսանում է ժամանակակից քաղաքային "միկրոշրջանների" և առանձնատնային-գյուղական շրջանների յուրահատուկ զուգորդություն:1995թ. դեկտեմբերից Հրազդանը դարձել է Կոտայքի մարզկենտրոն: |